Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Երկու հարյուր տարվա ավանդական կապերի խզումը երկիրը կկանգնեցնի նոր կոլապսի առջև

Երկու հարյուր տարվա ավանդական կապերի խզումը երկիրը  կկանգնեցնի նոր կոլապսի առջև
07.06.2025 | 12:24

Հայաստանի եվրոպական ինտեգրման կողմնակից քաղաքական կազմակերպություններն ու գործիչները, օրենսդիր և գործադիր իշխանության մեջ գտնվողները, որոնք Ազգային Ժողով բերեցին «Եվրաքվեի» նախաձեռնությունը և ընդունեցին օրենքը ԵՄ-ին անդամագրվելու մասին, իրենց հրապարակային խոսքում մշտապես նշում են մի օբյեկտիվ իրողություն: Դա մի յուրօրինակ խոստովանություն է, որը կարմիր թելի պես անցնում է նրանց քարոզչության միջով և մատուցվում է որպես եվրաինտեգրման կողմնակիցների ճամբարի անաչառության ու ազնվության ապացույց: Ո՞րն է դա: Դա խոստովանությունն է այն մասին, որ դեպի եվրոպական «լուսավոր» ապագա հայկական ուղին շատ ծանր է լինելու, ցավոտ, տանջալից, զոհողություններով, կորուստներով և այսպես շարունակ: Այստեղ իսկապես պետք է խոստովանել, որ այս հարցում նրանք ազնիվ են և օբյեկտիվ : Եթե իսկապես այդ ուղին մտնի գործնական փուլ և այսօրվա միտինգային խոսույթից վերածվի կոնկրետ քաղաքական գործողությունների, ապա մեր բազմաչարչար հայ ժողովրդին սպասվում է ևս մի տասնհինգ-քսան տարվա մութ-ցուրտ-սովյալ-ընչազուրկ գոյություն: Էներգետիկ, առևտրա-տնտեսական, կոմունիկացիոն, տրանսպորտային, պարենային և անվտանգային խնդիրները, որոնք հեղեղի նման կլցվեն Հայաստան, եվրոպական «լուսավոր ապագան» կդարձնեն հայկական պետականության և հայրենիքի ավարտը: Ամենապարզ հաշվարկները, որ բազմիցս հրապարակել են մասնագետ-տնտեսագետները, ապացուցում են, որ ռուսական կայսրության և խորհրդային պետության կազմում գտնվելու հետևանքով ձևավորված երկու հարյուր տարվա ավանդական կապերի խզումը երկիրը կկանգնեցնի նոր կոլապսի առջև: Բայց ես առավել վտանգավոր եմ համարում ժողովրդագրական իրավիճակի բարդացումը: Անշուշտ, նոր դժվարությունները բերելու են արտագաղթի նոր ալիք, ինչպես որ եղավ 90-ականներին: Ակնհայտ է նաև, որ այն սպառելու է մեր մարդկային ռեսուրսը: Եթե փորձենք Հայաստանի եվրոպական ապագայի վտանգներն ու վնասները թվարկել, օրեր շարունակ չենք ավարտի: Օգուտների թվարկումը իմաստ չունի, որովհետև ԵՄ լիդերների մտքով անգամ չի անցնում Հայաստանը ԵՄ կազմում ընդգրկել. Վրաստանի և Ուկրաինայի եվրաինտեգրման ֆիասկոն՝ ձեզ ապացույց: Այն մարդիկ, որոնք «Եվրաքվե» էին նախաձեռնել, նրանց ղեկավարները հատկապես, հաստատ ոչ մի կորուստ և դժվարություն երբևէ չեն ունենալու. հիմա առատորեն գրանտակերությամբ են զբաղված, իսկ հետո, երբ հայրենիքից բան չի մնա, անկասկած կապրեն իրենց սիրած և երազած արևմտյան մի բարեկեցիկ երկրում:

Հիմա ինչու եմ այս գրառումը անում: Վերջին ամսվա ընթացքում եվրաքվեական ռահվիրաները վիրավորական պաստառներով հանես եկան և՛ Լավրովի, և՛ Մատվիենկոյի պաշտոնական այցերի դեմ բողոքի հավաքներով: Ճիշտ է, դրանք սակավամարդ էին, բայց երևույթն ինքնին շատ տգեղ էր: Եվ դա այն դեպքում, երբ հիշյալ պետական բարձրաստճան գործիչները հանդիպումներ ունեցան ՀՀ առաջին դեմքերի հետ: Եվրաակտիվիստների հակառուսականությունն անընդունելի է, դա կորստաբեր և վնասակար իրողություն է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ